Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԽԱՉԲԱՌԸ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԽԱՉԲԱՌԸ
19.11.2010 | 00:00

Աշխարհահռչակ Գինեսի ռեկորդների գրքում այնքան էլ շատ չեն հայկական ծագումով նվաճումները։ Վերջերս իր հսկա շոկոլադով այնտեղ հայտնվեց «Գրանդ Քենդի» ընկերությունը, իսկ մեկ ամիս առաջ գրքի էջերում իր անունը հավերժացրեց 35-ամյա երևանցի ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Նա կազմել է մի հսկայական խաչբառ, որն իր չափսերով գերազանցում է կանադացի Ռոբերտ Թյուրկոյի կազմած խաչբառը։ Ի դեպ, վերջինիս նվաճումը Գինեսի գրքում «իշխում էր» 1982-ից։
Աշխատանքի ընթացքում Արան անվերապահորեն կատարել է Գինեսի գրքի սահմանած բոլոր պահանջները` ռեկորդի հայտի նախնական գրանցումը լոնդոնյան կայքում, աշխատանքի բոլոր փուլերի գրանցումը տեսաժապավենի վրա, հեղինակավոր հայրենակիցների կողմից փաստի վավերացումը (այդ դերում հանդես են եկել ԱԺ պատգամավորներ Գոհար Ենոքյանն ու Արմեն Մարտիրոսյանը), խաչբառի ցանցի բացարձակ համաչափությունը և այլն։ Մնում էր կատարել «չնչին» մի պահանջ` խաչբառը հրապարակել տպագրական եղանակով, ինչն անել, պարզվեց, այնքան էլ հեշտ չէ, քանի որ չափսերն ահռելի են։ Հայաստանում դա անել չհաջողվեց, և քանի որ խաչբառը ռուսերեն է, Արան մեկնեց Մոսկվա և հայտնվեց «Բաուեր» հրատարակչատանը, որը լույս է ընծայում բազմաթիվ խաչբառային թերթեր ու ամսագրեր։
Շուտով, հաղթահարելով բազմաթիվ տեխնիկական բարդություններ, խաչբառը հրատարակեցին։ Նրա չափսերն ապշեցնող են. ցանցի լայնությունը 2,3 մետր է, բարձրությունը` 2,45 մետր։ Յուրաքանչյուր վանդակ 5 մմ կողմով քառակուսի է։ Տպավորիչ է նաև տառերը լրացնելու համար նախատեսված սպիտակ վանդակների քանակը` 132020 (համեմատության համար` նախկին ռեկորդակրի գործում դրանք «ընդամենը» 90000-ն էին)։ Այդ վանդակները ներառում են 25970 բառ` 12842-ը` հորիզոնական, 13128-ը` ուղղահայաց։ Պակաս տպավորիչ չէ նաև հարցերով 150-էջանոց գիրքը, որի յուրաքանչյուր էջը բաղկացած է երեք սյունակից, իսկ հարցերը չափազանց սեղմ են, քանի որ այլ կերպ չէր էլ կարող լինել։
Այնուհետև անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Լոնդոն։ Մի քանի ամսվա սպասում, և վերջապես ստացվեց ուրախալի լուրը. նվաճումը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` «Հրատարակված ամենամեծ խաչբառն աշխարհում» անվանակարգում, ինչը հաստատվում է պաշտոնական հավաստագրով։
«Բաուեր» հրատարակչատան «Русский кроссворд» թերթում հրապարակվել է հարցազրույց ռեկորդի հեղինակ Արա Հովհաննիսյանի հետ, որից որոշ հատվածներ ներկայացնում ենք մեր ընթերցողին։
«ԵՍ ԷԼ ԷԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՏՄԵԼ ԻՄ ՌԵԿՈՐԴԻ ՄԱՍԻՆ»
-Ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը, և ինչպե՞ս իրագործեցիք այն։
-Խաչբառեր սիրել եմ դպրոցական տարիներից, դրանք դարձան իմ հոբբին։ Հոբբին, որովհետև կրթությամբ ո՛չ բանասեր եմ, ո՛չ էլ լրագրող, այլ տնտեսագետ-կառավարիչ։ Լուծելիս համոզվեցի, որ ինքս էլ կարող եմ կազմել։ Իսկ երբ իմացա կանադացու ռեկորդի մասին, անմիջապես մտածեցի` սա սահման չէ, կարելի է ավելին անել։ Եվ սկսեցի կամաց-կամաց իրագործել գաղափարս։
-Youtube-ում տեղադրված տեսահոլովակը դիտողներն ուշադրություն են դարձրել Ձեր աշխատաոճին. ամեն ինչ անում եք բացառապես ձեռքով։ Մի՞թե համակարգիչ չեք օգտագործել։
-Կազմելիս` բացարձակ։ Նույնիսկ բառերը հավաքել ու պահել եմ միայն թղթի վրա։ Ես սևացրել եմ մի քանի տասնյակ տետր։ Ցանցը ես պատրաստել եմ ձեռքով` սոսնձելով դպրոցական տետրերի թերթերը։ Իսկ համակարգիչն ինձ օգնել է միայն Գինեսի գրքի կենտրոնակայանի հետ էլեկտրոնային փոստով կապվելիս և խաչբառի որոշ բառերի նշանակությունը ճշտելիս։
-Ռեկորդակրի Ձեր հավաստագրում կան ժամանակագրական որոշ տարօրինակություններ. խաչբառը ստեղծվել է 2007-2008 թվականներին, իսկ հրատարակվել և հավաստագիր է ստացել 2010-ին։ Ո՞րն է պատճառը։
-Դա միակ դադարը չէ։ Չէ՞ որ հայտս Լոնդոն եմ ուղարկել դեռևս 2001-ին։ ՈՒ թեև աշխատանքը սկսել եմ անմիջապես, ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում։ Ի սկզբանե իմանալով, որ ցանցը պետք է լինի խիստ համաչափ, կազմելիս, այնուամենայնիվ, շեղվեցի ուղուց, ընդ որում այնպես, որ ավելի հեշտ էր սկսել նորից։ Սակայն երկրորդ փորձը ևս անհաջող էր. մոտավորապես աշխատանքի կեսից պարզ դարձավ, որ ցանցում չափից շատ են 5-տառանի բառերը։ Ցավալի էր, իհարկե, բայց այդ ամենը չափազանց օգտակար փորձ էր, որն օգնեց երրորդ փորձի ընթացքում սկզբից մինչև վերջ անցնելու ամբողջ ուղին։ Այս անգամ ծախսեցի մեկ տարուց մի քիչ պակաս։ Բայց խաչբառ կազմելը, ինչպես պարզվեց, գործի կեսն է. գրքում գրանցվելու համար այն անպայման պետք էր հրատարակել։ Թեկուզ մեկ օրինակ տպաքանակով, բայց անպայման տպագրական եղանակով և որևէ իրական պարբերականում, այսինքն` խաչբառը պետք է լինի վաճառքի ենթակա։ Հայաստանում այդպիսի հրատարակիչ, ցավոք, չգտնվեց, թեպետ իմ նախաձեռնությունը ողջունում ու պաշտպանում էին շատերը։ Այդժամ ընկերներս խորհուրդ տվեցին դիմել պրոֆեսիոնալ խաչբառագետներին, Մոսկվայում այդպիսիք կան։ Այդպես հայտնվեցի «Բաուերում»։
-Ի՞նչ զգացումներ ունեք հիմա, երբ հասել եք Ձեր նպատակին։
-Խաչբառն ստեղծելու տարբեր փուլերում տարբեր զգացողություններ ունեի։ Գինեսի գրքի կենտրոնակայան դիմելիս` խանդավառություն ու մոլություն, ստեղծագործելու պահին` ինքնամոռացում ու ոգևորություն, փակուղի մտնելիս` զայրույթ, գործն ավարտելուց և արդյունքները Լոնդոն ուղարկելուց հետո` հոգնություն ու նոր հուզմունք, հավաստագիրն ստանալու պահին` անկեղծ ուրախություն և երախտագիտություն բոլոր դաշնակիցներիս հանդեպ։ Իսկ հիմա, որքան էլ ցավալի է խոստովանելը, այդ ուրախությանն ավելանում է հիասթափությունը։ Ինքնամոռաց աշխատելով խաչբառի վրա` վստահ էի, որ, սահմանելով ռեկորդ, դրանով կկարողանամ ուրախություն պատճառել շատերին` բառախաղերի սիրահարներին, և ոչ միայն նրանց։ Բայց գրեթե բոլոր հեռուստաալիքներին, գործակալություններին և ռադիոկայաններին մեր նորությունը չհետաքրքրեց։ Թեև դրանից բառացիորեն օրեր առաջ բոլոր ԶԼՄ-ները ողողված էին ռեկորդային շոկոլադի մասին լուրերով։ ՈՒրեմն, այնուամենայնիվ, նման ռեկորդները հետաքրքրո՞ւմ են։ Ես էլ էի ցանկանում պատմել իմ ռեկորդի մասին։ Վստահ եմ, դա շատերին անտարբեր չի թողնի։
-Ռեկորդը սահմանված է և արձանագրված։ Ի՞նչ է լինելու հետո։ Նոր ռեկորդնե՞ր։
-Ոչինչ չեմ ցանկանում խոստանալ։ Այդ թվում` որ իմ կատարմամբ նոր ռեկորդներ չեն լինի։
Պատրաստեց Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 25691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ